Պաշտոնատար անձանց տների վրա հարձակումներ գործելու կամ այսպես կոչված «բանդայի» պարագլուխ համարվող 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտուշ Հակոբյանի պաշտպանի բողոք-գանգատը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Պատասխանել են, որ բողոք-գանգատը տեղ է հասել, կոդն են ուղարկել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հովիկ Արսենյանը:

Պաշտպանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի կողմից բողոք-գանգատը վարույթ ընդունելու մասին դեռեւս վաղ է խոսել:

 Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «բանդայի» պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին դատապարտեց 15, Դավիթ Գալստյանին եւ Սամվել Դավթյանին՝ նույնպես 15, Արթուր Մանուկյանին՝ 11 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները մերժել են «բանդայի» գործով առաջին ատյանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոքները:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը,  Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը եւ Սամվել Դավթյանը մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա: