Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում ապահովել տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը: Այս մասին ասված է վարչության հայտարարությունում:
Հայտարարության համաձայն, հակամարտության արդյունքում ավելի քան մեկ միլիոն տեղահանվածներ են մնում, միաժամանակ, հարյուր հազարավորները դեռեւս սպասում են իրենց խնդիրների լուծմանը:
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարն անհանգստացած է հակամարտության վերսկսմամբ, որի ընթացքում տասնյակ մարդիկ սպանվեցին եւ որը հանգեցրեց քաղաքացիական անձանց տեղահանման, որոնցից որոշները վերջին երկու տասնամյակում մի քանի անգամ են տեղահանվում:
Հայտարարությունում նշվում է, որ հակամարտության արդյունքում տեղահանված անձինք հայտնվեցին ինչպես հենց Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի առավել անվտանգ տարածքներում: Նրանք այնքան էլ հասանելի չեն, ինչն անհնար է դարձնում հստակ գնահատել հարկադիր տեղահանվածների թիվը, սակայն վարչությունը հետեւում է տեղահանված անձանց խմբերին:
«Վարչությունը տագնապալի հաղորդագրություններ է ստացել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, բնակարանների եւ ենթակառուցվածքների քանդման, ինչպես նաեւ հակամարտության գոտուց դուրս գալ ցանկացողների տեղաշարժի ազատության սահմանափակման մասին»,- ասված է հայտարարությունում:
Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությունը կողմերին կոչ է արել հարգել անվտանգ վայր տեղափոխվելու եւ պաշտպանություն ստանալու՝ մարդկանց իրավունքը:




























