Ապրիլի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովին եւ նրա ուղեկցությամբ Ստեփանակերտ ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գարիֆալիա Կանելլիին, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանին եւ Հունաստանի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը:
Ողջունելով հյուրերին` Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանականների այցն Արցախ հենց այս օրերին՝ ընդգծելով, որ նրանք առաջին օտարերկրյա խորհրդարանականներն են, ովքեր ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած լայնամասշտաբ ռազմական գործողություններից հետո այցելել են Արցախ:
Անդրադառնալով առաջնագծում տիրող իրավիճակին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է. «Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից նախաձեռնած լայնածավալ ագրեսիան որեւէ կերպ չի փոխել մեր դիրքորոշումը, հակառակը՝ ավելի է հաստատել անկախ, ինքնինշխան եւ ժողովրդավարական պետությունն ամրապնդելու մեր նպատակը»:
ՀՀ ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը նշել է, որ այս կարճատեւ պատերազմը եւս մեկ անգամ հաստատեց Արցախի ժողովրդի եւ ողջ հայության հաստատակամությունը՝ պաշտպանել արցախցիների արդար պայքարը՝ հանուն ազատության եւ անկախության:
Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին, իրենց այցը որակելով որպես խորհրդարանականի պարտականություն, ապրիլի սկզբին տեղի ունեցածը համարել է ճգնաժամ ոչ միայն մարդու իրավունքների բնագավառում, այլեւ՝ աշխարհում: Նա իր խոսքում նշեց, որ իրենք կանեն հնարավորը, որպեսզի ուրիշի շահերի համար, այլեւս կյանքեր չզոհաբերվեն:
Լատվիա Սաեյմայի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը իր խոսքում կարեւոր է համարել այն հանգամանքը, որ Արցախի ժողովուրդը միայնակ չէ եւ եվրոպայում ունեն համախոհներ, ովքեր կանեն հնարավորը խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Մտքերի փոխանակման ընթացքում խորհրդարանի ղեկավարը եվրոպացի խորհրդարանականներին ներկայացրել է արցախյան ազատագրական պայքարի պատմությունը եւ պատասխանել նրանց հարցերին՝ կապված ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի եւ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հետ:




























