Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումն անսպասելի չէր. Թուրքիան պետք է պատերազմական դաշտը տեղափոխեր եւ դրա համար բնականաբար ընտրելու էր Ադրբեջանին: Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում նման կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

«Մեզ համար անսպասելի չէր, քանի որ երբ մենք 1994 թ. մայիսի 12-ին կնքեցինք հրադադարի պայմանագիրը, հակառակորդը սկսվել էր պատրաստվել պատերազմի: Մեզ համար լուրջ քաղաքական սխալ էր հրադադարի պայմանագիր կնքելը: Երկրորդ, ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, Թուրքիայում եւ Մերձավոր Արեւելքում կատարվող իրադարձությունները: Մեզ համար պարզ պետք է լիներ, որ Թուրքիան պատերազմական դաշտը պետք է տեղափոխեր այլ վայր, իսկ դա միայն Ադրբեջանը կարող էր լինել, որն էլ Թուրքիայի ապաստանն է Կովկասում: Մենք դա պետք է շուտ զգայինք, զարգացումներից վերլուծություններ անեինք»,- ասել է Վիտալի Բալասանյանը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում գեներալը մեկնել է 4-րդ պաշտպանական շրջան, որը կատաղի պայքար է մղել՝ առանց զոհեր տալու:

«Երկու թեթեւ վիրավոր ենք ունեցել միայն: Ադրբեջանը պետք է հասկանա, որ պատերազմական ճանապարհով հարց չի լուծվում: 3-րդ համաշխարհային պատերազմը սկսվել է շատ վաղուց, սակայն ոչ մի գերտերություն չի ասում, որ պատերազմը սկսվել է: Առաջին օրը գլխավոր հարվածը եղել է Աղդամի ուղղությամբ, ապա նաեւ հյուսիսային եւ հարավային: Իրենց խնդիրն էր Պաշտպանության բանակը բաժանել երկու մասի եւ կենտրոնով առաջ գալ: Սակայն դա իրենց չհաջողվեց: Մենք ինչքան էլ միտինգներ անենք, ճիշտ պահին համախմբվում ենք եւ միասնաբար պայքարում»,- ասել է նա:

Վիտալի Բալասանյանի խոսքով, Պաշտպանության բանակը կարողացել է ժամանակին պատասխան տալ, կրակը վարել շատ ճիշտ:

«Չեք պատկերացնի, թե ժամանակին մեր հրետանավորները եւ մնացած մասնագետներն ինչքան աշխատանք են կատարել, ամեն մի մետրի տեղը գիտեն: Նշեմ, որ մեկ սնարյադ հենց այնպես չենք կրակել: Այնպես չի, որ մենակ Ադրբեջանն ունի անօդաչու սարքեր, Ղարաբաղի պաշտպանության բանակն էլ ունի անօդաչու սարքեր, մենք դրանք էլ ենք ժամանակին թռցնում եւ մարդիկ կոորդինատները, ամեն ինչը տեսնում են: Շարժերը մեր թիրախում էին»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Գեներալի խոսքով՝ հակառակորդը շատ մեծ կորուստներ է կրել. թեեւ շատ գրագետ մարտ է վարել, ռազմական գործողությունները ձախողել է. «Ադրբեջանի բանակն այսօր ավելի կատարելագործված է: Համոզված եմ, որ շատ լուրջ պարապած էին, եւ ռազմավարական, եւ մարտավարական առումով թույլ չեն, չի կարելի թերագնահատել նրանց: Մեր խնդիրը շատ կարճ ժամանակահատվածում մոբիլիզացիան է, վերադասավորումը, մեր մոբիլ տեղաշարժը՝ զբաղեցնելով մեր դիրքերը: Հակառակորդը պատկերացրել է, թե հրթիռահրետակոծությունից հետո մենք չէինք կարողանալու մեր դիրքերը զբաղեցնել. ռազմաճակատի ամբողջ երկայնքով բոլոր ճանապարհները գտնվում էին հրետակոծության տակ՝ ընդհուպ երրորդ, չորրոդ ճանապարհները: Այնպես չէ, որ անգրագետ մարտ են վարել, ավելին իրենց համար շատ հեշտ է եղել, որովհետեւ անօդաչու սարքեր ունեն եւ հեշտ է վերեւից նայել եւ մարտը վարել»:

Թե ինչու հաջողության չեն հասել, Վիտալի Բալասանյանը չգիտի. վստահ է՝ ադրբեջանական բանակում քչերն են պատրաստ կռվել հանուն իրենց հայրենիքի. «Ադրբեջանական զորքի ստորին օղակը միշտ գտնվում է ճնշված վիճակում: Տեսնում ենք՝ դիրքերում ինչ է կատարվում` սոված, ծարավ, անտեր: Մենք եւ օդից ենք տեսնում, եւ դիրքերից դիրքեր: Այնպես չէ, որ այնտեղից ցանկացած զինվոր պատրաստ է կանգնել եւ պայքարել: Համոզված եմ, որ նրանցից 80 տոկոսը գոնե դա իրենց հայրենիքը չի համարում»:

Գեներալը մեկ անգամ եւս ընդգծել է, որ իրենք տեսել են, թե ինչպես են ադրբեջանցիները կրակում փախչող զինծառայողների վրա: