Իսրայելի հայկական համայնքը դատապարտում է  Իսրայելի` Ադրբեջանին  ռազմական զենք վաճառելու քայլը: NEWS.am-ի հետ զրույցում Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ հայր Կորյունը նշեց, որ ապրիլի 14-ին Երուսաղեմի միացյալ հանձնախումբը Իսրայելի Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ կազմակերպել  է ցույց, որով Իսրայելից պահանջելու են դադարեցնել Ադրբեջանին զենք վաճառելը:

«Մենք դատապարտում ենք եւ պահանջում, որպեսզի Իսրայելը դադարեցնի Ադրբեջանին զենք վաճառելը: Այդ  պահանջով ապրիլի 14-ին Իսրայելի Արտաքին գործերի նախարարության շենքի մոտ ցույց ենք անելու, որի ընթացքում Իսրայելի հայկական համայնքի կողմից պաշտոնապես  նամակ ենք փոխանցելու Իսրայելի նախագահին եւ վարչապետին»,-ասաց նա:

Հայր Կորյունը նշեց, որ ապրիլի 8-ին, Իսրայելում տեղի է ունեցել նաեւ համահայկական հավաք, որի ընթացքում Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ  դատապարտող ելույթներ են հնչել, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայողների օրհնության կարգ է տեղի ունեցել եւ մոմավառություն` Հայոց ցեղսպանության հուշարձանի մոտ: Հայր Կորյունը նաեւ նշեց, որ տեղի է ունեցել դրամահավաք` Արցախին օգնելու նպատակով: