Չեչնիայում այս տարի գարնանային զորակոչ չի լինելու: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս տարի զորակոչ չի լինի, քանի որ հիմա մեր տղաները համակերպման փուլում են: Չէ՞ որ շուրջ մեկ քառորդ դար չեչենները բանակում չեն եղել»,- նշել է Չեչնիայի զինկոմիսար Ահմեդ Ջեյրհանովը:

Նշվում է, որ ներկայում վերլուծում են, թե Չեչնիայից նորակոչիկներն ինչպես են անցնում բանակային ծառայությունը: «Զորամասերի հրամանատարներից զինկոմի հասցեով շնորհակալական նամակներ են եկել 181 զինծառայողի մասին, շուրջ 100 զինծառայողներ կրտսեր հրամանատարի կոչում են ստացել»,- հավելել է Ջեյրհանովը:

Զինկոմիսարիատում նշել են նաեւ, որ Չեչնիայում ավելի քան 86 հազար զորակոչիկներ կան: Նրանց կշարունակեն կանոնավորապես զորակոչել, եթե նորակոչիկները հաջողությամբ հարմարվեն պայմաններին: