«Անհրաժեշտ է փոխել շախմատի որպես պրոֆեսիոնալ մարզաձեւի ամբողջ համակարգը: Դրա ոգին անկման մեջ է: Այսօր սատանան ոտքը կկոտրի շախմատի աշխարհի չեմպիոնի որոշման կարգը պարզելու մեջ, իսկ պատվավոր կոչումը գրեթե արժեզրկվել է: Չափազանց շատ հավակնորդներ, մրցախաղեր, ամեն ինչ կցկտուր ու անլուրջ է: 1886-ից` աշխարհի չեմպիոնի առաջին մրցամարտից մինչեւ 2000-ը, 114 տարում աշխարհի չեմպիոն է դարձել 14 գրոսմայստեր, նրանցից ութը՝ Ռուսաստանից: Ես 12-րդը դարձա: Իսկ նախորդ տասը տարում հայտնվեցին 6 «շախմատային արքաներ»: Սակայն նրանց գլխին ոչ թե թագ է, այլ մետաղաշապիկ»,- «Արգումենտի ի ֆակտի պարբերականի հետ զրույցում հայտնել է ՖԻԴԵ-ի նախագահի ընտրություններում Կիրսան Իլյումժինովի մրցակից, աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը:
Վերջինիս կարծիքով, շախմատի սիրահարները, էլ չասած կողմնակի մարդկանց մասին, կորցնում են հետաքրքրությունը խաղի նկատմամբ: «Դեռ այս գարնանը երկրպագուները քննարկում էին հավակնորդների Անանդ – Տոպալով հանդիպումը, իսկ այժմ մեծամասնությունն արդեն մոռացել է այդ մասին: Հարցրեք փողոցում անցորդներին, թե ովքեր են այդ մարդիկ: Ոչ ոք չի իմանա: Մարդիկ գիտեն, որ շախմատում ինչ-որ բան տեղի է ունենում, բայց ոչ այն, ինչ նախկինում: Պատահական չէ, որ մինչեւ այժմ հիշում են եւ Կապաբլանկային, եւ Ալյոխինին, էլ չեմ ասում Կարպովի եւ Կասպարովի մասին: Թեեւ մենք արդեն վաղուց չենք պայքարում շախմատային կոչումների համար: Այսօր նույնիսկ պոկերն ավելի ժողովրդական է, քան շախմատը»,- ասել է Կարպովը:



























