Իսրայելի «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալոնը նամակ է գրել երկրի պաշտպանության նախարար Մոշե Յալոնին՝ կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերի վաճառքը։
Պատգամավորը պաշտպանության նախարարին ուղղած նամակում նշել է, որ Իսրայելը պլանավորում է ավելի շատ անօդաչու սարքեր մատակարարել Ադրբեջանին առաջիկա օրերի ընթացքում, հայտնում է i24news-ը՝ վկայակոչելով «Հաարեց» թերթը։
«Ինչպես Դուք գիտեք, Հայաստանն ու Ադրբեջանը երկուսն էլ Իսրայելի բարեկամ երկրներն են, եւ անհնար է պատկերացնել, որ իսրայելական զենքը կարելի է օգտագործել երկու երկրների միջեւ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում»,- գրել է Գալոնը նամակում՝ կոչ անելով դադարեցնել մատակարարումները, մինչեւ Իսրայելը երաշխիքներ չստանա, որ անօդաչու սարքերը չեն օգտագործվելու հայերի դեմ։
Պատգամավորը նաեւ զգուշացրել է, որ վտանգ կա, որ «պատերազմի օրենքները խախտվել են հենց իսրայելական արտադրության զենքով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի հայկական համայնքը դատապարտել էր Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Հայաստանը Իսրայելից զենք գնելու հնարավորություն ունեցել է, սակայն նպատակահարմար չի համարել դրանք ձեռք բերելը։ «Որովհետեւ դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետեւ մենք այլ լուծումներ ենք տվել դրան, եւ ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաեւ հասարակ նռնականետով, դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը Ձեզ երեւի որոշ բաների մասին ասում է»,- ասել է նա։




























