ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «վիրավորական» է համարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մեղադրանքները, որոնք հնչել են սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից։
Ահմադինեժադը հայտարարել էր, որ 2001 թվականի ահաբեկչությունները հնարավոր է կազմակերպած լինի հենց Միացյալ նահանգները։ Դրանից հետո Օբաման հարցազրույց է տվել BBC-ի իրանական ծառայությանը։ Նա Ահմադինեժադի հայտարարությունը որակել է «ատելությամբ լի»։
Նախագահն ասել է, որ բոլոր մարդիկ՝ անկախ դավանանքից եւ էթնիկական պատկանելությունից, 2001 թվականի ահաբեկչությունները համարում են «դարի ողբերգություն մի ամբողջ սերնդի համար»՝ հավելելով, որ Իրանի նախագահի համար «անթույլատրելի է» նման հայտարաությամբ հանդես գալ Մանհեթենում, որտեղ ողբերգությունը հազարավոր մարդկանց կյանք է խլել։
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի նախագահը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից, կասկածի տակ է դրել սեպտեմբերի 11-ի ողբերգության պաշտոնական վարկածը, ինչից հետո ԱՄՆ պատվիրակությունը լքել է Գլխավոր ասամբլեայի սրահը։





























