Բրիտանական BBC-ն ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու անցյալ շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ զրուցելով հայ զինծառայողների հետ։
Տեսանյութի հերոսը 19-ամյա Վլադիմիր Մկրտչյանն է, որը ադրբեջանական ագրեսիայի օրերին առաջին անգամ է դիրքերում եղել։
«Այնպես ստացվեց, որ հենց իմ՝ առաջին անգամ դիրքեր ելնելու ժամանակահատվածում մենք հրետանու վրա էինք՝ «Հաուբիցի»։ Ասում են՝ հրետանին պատերազմի աստվածն է։ Ես նշանառու եմ, ինձ տալիս են նշանաթիվ, անկյունաչափ և մակարդակ, և մենք այդ կոորդինատներով կրակում ենք։ Այդ օրն անընդհատ հրանոթների մոտ էինք ու պարապմունքներ էինք անցկացնում ու այդ պահին սնարյադն ընկավ»,- պատմում է հայ զինվորը:
Նրա խոսքով, պատերազմական իրավիճակում առաջին պատասխանատվությունը հենց հրետանավորների վրա է, որոնց ճշգրիտ աշխատանքից շատ բան է կախված: «Կարող է քո մի փոքր շեղումը 10-15 կմ-ի շեղում տա և այդ սխալի պատճառով գցես հենց քո դիրքերի վրա»,-նշել է Վլադիմիրը։
Նա ցույց է տվել իրենց կացարանը, վառարանը, խոսել է իրենց՝ 18-19 տարեկան զինվորների առօրյայի մասին։
Անդրադառնալով հակառակորդին՝ Վլադիմիրն ասել է. «Իրանք էլ մեր նման, մեզ տարեկից կանգնած են, մեզ նման մարդիկ են, ուղղակի պատերազմի ժամանակ կան բաներ, որոնց մասին չես ուզում մտածել, ուղղակի հրաման ես կատարում, որովհետև գիտես, որ էդ պահին ճիշտը էդ ա։ Իմ համար տարբերություն չկա, որ ԼՂՀ-ն ճանաչված հանրապետություն չէ, մենք կռվում ենք մեր հողի համար»։
Տեսանյութը կարող եք դիտել՝ ԱՅՍՏԵՂ:




























