Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի տարածքի հնավայրերից մեկում մարտի 18-ին Կապանի երկու բնակիչների կողմից գանձ որոնելու ընթացքում հայտնաբերված բրոնզեդարյա գտածոները զարմանալի հազվագյուտ հայտնագործություններ են, յուրահատուկ գանձեր: Այս մասին այսօր` ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանը:
«Առ այսօր մենք չունեինք այսպիսի բազմազան մետաղների հավաքածու, որն հայտանբերվել է գանձագողերի փնտրտուքի արդյունքում: Այդ տեղանքում ընդհանրապես հուշարձանի հետք չկա. մենք չգիտեինք որ այնտեղ գանձեր կան: Եթե գանձագողերը չլինեին, կարելի է ասել, որ մենք չէինք էլ իմանա այս գտածոների մասին: Գանձագողերը մետաղորսիչով գնացել եւ գտել էին դրանք: Վերջիններս փորձել են վաճառել. աղմուկը բարձրացել է, իսկ ոստիկանությունն իմացել եւ հայտնաբերել է դրանք»,-ասաց նա:
Հակոբ Սիմոնյանի խոսքով, շուրջ 200 բրոնզեդարյա նմուշ` հայկական լեռնաշխարհի մշակույթին բնորոշ մարտական կացիններ, դաշույնների բրոնզե պատյաններ, եղջերուների արձանիկներ, ապարանջաններ եւ այլն, այժմ պահվում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում:
«Այս զարմանալի գանձերը այժմ գտնվում են մեր կենտրոնում: Դրանք պետք է վերականգնել, մաքրել, թանգարանային տեսքի բերել, որից հետո ոչ միայն Հայաստանում, այլեւ այլ երկրների հայտնի թանգարաններում ցուցադրել»,-ասաց նա:
Հակոբ Սիմոնյանը նշեց, որ հնարավոր է` ժամանակին գանձերի տերն այս գտածոները պահել է, երբ նրա վրա հարձակում է եղել:
«Այս գանձերը, կարծում եմ, որ ժամանակին տերն է պահել, հավանաբար նրա վրա հարձակում է եղել, նա թաքցրել է դրանք: Տարածքն ուսումնասիրել ենք, որեւիցե արտառոց երեւույթ չենք տեսել, դա հսկայական մարգագետին է, մեր հողերն այնքան հարուստ են, որ պեղումների ընացքում կարելի է միշտ էլ յուրահատուկ գանձեր գտնել: Կես կատակ, կես լուրջ, կարծում եմ` այս գանձագողն էլ յուրահատուկ հոտառություն ունի եւ պետք է օգտագործել ի նպաստ մեր մշակութի»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 2016թ. մարտի 18-ին Կապանի երկու բնակիչ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի տարածքում հնագիտական իրեր են հայտնաբերել:
Նրանք հայտնաբերել են մասնավորապես բրոնզեդարյան շրջանի մ.թ.ա. 2-3-րդ հազարամյակի, լուրիստանյան մշակույթի զարդեր պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա զանգակներ, թասեր, ունելի, բռնակներ, ծիսական զարդանախշեր, սեպ, գուրզեր, դաշույն, դաշույնի պատյաններ, եռոտանի կախազարդեր, բազկակալներ, ապարանջաններ, զրահաբաճկոնի դետալներ, կենդանիների երախակալներ եւ այլն` ընդհանուր թվով 191 նմուշ:
Երբ այս մասին հայտնի է դարձել տեղի ոստիկանությանը, քաղաքացիներին հրավիրել են բաժին: Նրանք ոստիկանությանն են հանձնել իրերը` վստահեցնելով, որ իրենք են Եղվարդ գյուղի տարածքից քանդել ու հայտնաբերել գտածոն:
Նշանակվել է մշակութաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:




























