Մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Հանրապետության փողոցից մինչեւ Խանջյան փողոց ընկած հատվածում գործող «Վերնիսաժի» բարեկարգման եւ արդիականացման ծրագրի իրականացման նպատակով կազմված նախագծային առաջարկների էսքիզային տարբերակներն են քննարկվել Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության եւ տրանսպորտի խորհրդի նիստում:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու խորհրդի նախագահի տեղակալ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նիստի մասնակիցներին ներկայացրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ բարձրացված «Վերնիսաժի» բարեկարգման եւ արդիականացման ծրագրի նախնական հայեցակարգային մոտեցումները՝ ակնկալելով առաջարկներ եւ դիտարկումներ, ինչպես նաեւ մասնագիտական աջակցություն: Ծրագրի նպատակն է ապահովել Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում բարեկարգված խաչքարերի պուրակի տրամաբանական շարունակությունը մինչեւ Խանջյան փողոց՝ չխաթարելով «Վերնիսաժի» աշխատանքը: Նպատակը «Վերնիսաժը» ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է` տնտեսվարողների գործունեության կանոնակարգմամբ եւ զբոսաշրջության, հանգստի ու ժամանցի կազմակերպման համապատասխան պայմաններ սահմանելով:
Դիտարկելով խորհրդին ներկայացված առաջարկների տարբերակները՝ խորհրդի անդամները ողջունել են նախաձեռնությունը եւ համաձայնել այն սկզբունքներին, ըստ որոնց այգու արդիականացման նախագծային նաեւ հաջորդ փուլերում նկատի են առնվելու տվյալ տարածքին առնչվող Երեւանի կենտրոնի հետագա զարգացման հեռանկարները, ընդորում, տարածքում բացառվելու է քարե կամ բետոն որեւէ հիմնական կառույցի առկայություն: Առաջարկվել է նաեւ զերծ մնալ կանաչ գոտիներում կոնստրուկցիաներ տեղադրելուց եւ դիտարկել նաեւ ուղղաձիգ կանաչապատման հնարավորությունը:
Արդիականացման շնորհիվ «Վերնիսաժը» կունենա ոռոգման նոր ցանց, լուսավորության ժամանակակից համակարգ, ինչպես նաեւ կսալապատվի: Առաջիկա օրերին կշարունակվեն նաեւ հանրային լսումները:




























