Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կոչ է արել հրաժարվել մազերը չորացնելու համար մազահարդարիչի օգտագործումից, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Independent-ին:
«Ինձ միշտ թվացել է, որ կինն ավելի գրավիչ է, երբ մազերը սանրում եւ չորացնում է մատներով` բնական եղանակով», — հայտնել է Մադուրոն:
Սակայն նախագահի գործնական խորհրդի իրական նպատակը էլեկտրաէներգիայի խնայողությունն է, չէ որ երկիրը տնտեսական ծանր ճգնաժամ է ապրում, գրում է պարբերականը: Ավելին, սա Մադուրոյի առաջին նախաձեռնությունը չէ էներգետիկ ճգնաժամի լուծման ուղղությամբ:
Այսպես, անցյալ շաբաթ Վենեսուելայի առաջնորդը հայտնել է աշխատանքային շաբաթի ժամանակավոր կրճատման մասին` ուրբաթը ոչ աշխատանքային դարձնելով: Բացի այդ, հաղորդվում է, որ Մադուրան կոչ է արել հագուստը փողոցում չորացնել, ոչ թե օգտվել լվացքի մեքենաների հատուկ գործառույթներից:





























