ՅՈՒՆԻՍԵՖ-ի օժանդակությամբ Հայաստանի դպրոցները կամրացվեն կամ նորից կկառուցվեն: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչային:
Նախարարը բարձր է գնահատել Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի միջեւ առկա համագործակցության մակարդակն ու համատեղ իրականացված ծրագրերի կարեւորությունը: Դավիթ Լոքյանն այդ համատեքստում ընդգծել է վերջին շրջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագիրը, որը դպրոցաշինության համալիր ծրագիր սկսելու հիմք դարձավ նախարարության համար: «Կարողությունների, մասնագիտական հմտությունների զարգացման տեսանկյունից ծրագրի իրականացումը անհրաժեշտ է: Մենք ձեր օժանդակությամբ արված այդ ծրագրով ենք ընտրել այն դպրոցների ցանկը, որոնք կամրացվեն կամ նորից կկառուցվեն»,- ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարը:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչան շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ նախարարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն հայտնել` խոստանալով գործուն ջանքեր ներդնել տարածքներում երեխաների բարեկեցության ապահովման հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածքներում նախադպրոցական ծառայության այլընտրանքային մոդելի մշակմանը, ինչպես նաեւ նախարարության եւ հիմնադրամի ընթացիկ համագործակցությանը վերաբերող այլ հարցեր:



























