Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 4-ի լույս 5-ի տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմի զոհերից մեկն էլ ազատամարտիկ Սարգիս Խալաֆյանն էր, որը պատերազմական գործողությունների լուրը լսելուն պես իր զինակից ընկերների հետ կամավորական խմբով մեկնել էր Մարտակերտ՝ հայրենիքի սահմանները պահելու եւ երիտասարդների կողքին լինելու համար:

Սարգիսը Ստեփանակերտ հասնելուն պես, զանգահարում է Երեւան եւ իր ընկերներից մեկի՝ Արթուրի ընտանիքի անդամներին խնդրում, որ վերջինիս կեղծ լուր հաղորդեն, իբրեւ թե նրա հայրը վատ է, որպեսզի  արագ վերադառնա Երեւան: Սարգիսի ընկերների խոսքով, նա զգում էր, որ ընկերոջ համար լավ կլինի հեռու մնալ ռազմի դաշտից եւ դրանով փրկում ընկերոջ կյանքը: Բայց ինքը մյուս ընկերոջ՝ Նորայր Հաջիյանի հետ զոհվում է հաջորդ օրը՝ ապրիլի 4-ին Մարտակերտի Թալիշ գյուղի ինքնապաշտպանական գործողությունների ժամանակ:

Սարգսի  Խալաֆյանն ուներ չորս երեխա՝ երկու զավակ, երկու դուստր: Կրտսեր որդին ծառայում է հայոց բանակում: Տունը պահում էր վարորդություն անելով, ուներ իր տաքսի մեքենան: Որպես պատերազմի հաշմանդամ ստանում էր թոշակ: Ընտանիքը ապրում է վարձով բնակարանում, ծանր սոցիալական պայմաններում:

Հարազատները Սարգիսին նկարագրում են որպես անսահման բարության եւ հումորի տեր մարդ: Պատերազմի լուրը լսելուն պես իրեն նետել է Ղարաբաղ:

Ֆուտբոլի մեծ սիրահար էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում զոհվածի կինը պատմեց, որ նա հանդիսանում էր Հենրիխ Մխիթարյանի եւ «Բորուսիայի» երկրպագուն: Ընտանիքի անդամների առաջարկին, թե «Բորուսիայի» խաղը դիտի նոր գնա, պատասխանել էր, որ ֆուտբոլի ժամանակը չէ, շտապել է պետք: Ասում էր, որ պետք է լինի մեր ջահելների կողքը, ոգեւորված էր նրանց ոգով ու արիությամբ:

Սարգիս Խալաֆյանը հողին հանձնեցին Եռաբլուրում: Որդու խոսքով, նա հենց այդտեղ էլ երազում էր գտնել իր վերջին հանգրվանը:

Սարգիս Լազարի Խալաֆյանը մարտական ուղին սկսել էր ՀԱԲ-ի «Արամո» ջոկատում 1990-ին՝ մասնկացել Նոյեմբերյանի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի սահմանամերձ տարածքների ինքնապաշտպանությանը: 1992-ին անդամագրվել է Տիգրան Մեծ աշխարհազորային գնդին, որի հետ մեկնել է Շահումյանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանության մարտերին:  Նույն թվականի հունիսին մասնակցել է Լաչինի ազատագրմանը, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Կարմրավանի, Լենինավանի ինքնապաշտպանական մարտերին, որից հետո միացել է Շահեն Մեղրյանի կազմավորած «Եղնիկներ» պարտիզանական ջոկատին: 1992-ի հոկտեմբերին վիրավորվել է Լաչինի շրջանի Ղոչազ գյուղի մոտակայքում տեղի ունեցող ինքնապաշտպանական մարտերի ժամանակ:

Սարգիս Խալաֆյանը Արցախյան պատերազմի II խմբի հաշմանդամ էր: Պարգեւատրվել է մարտական ծառայություն «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան» շքանշաններով:

Beside Woman NGO / Կնոջ Կողքին ՀԿ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ բացվել է հաշվեհամար Նպատակը՝ Խալաֆյան ընտանիքի համար սեփական բնակարան գնել,

Բանկ՝ ACBA-Credit Agricole Bank,

Ստացող՝ «Կնոջ կողքին» ՀԿ,

Հաշվեհամար՝

AMD. 220453350096000

USD. 220453350054001

RUR. 220453350021958

SWIFT code: AGCAAM22