Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պնդում է, որ ինքը չգիտի, թե որ թվականի զենքով ենք կռվում:

Այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ «դա իրենից մի քիչ տարբերվող» հարց է:

«Չեմ կարող կոնկրետ կարծիքներ հայտնել, թե որ թվականի զենքով ենք կռվում կամ հիմա ինչով ենք կռվում»,- ասաց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ հայոց բանակը ինչ-որ չափի զենք ունի եւ դրանով փորձում է պաշտպանվել: Լրագրողների հարցին, թե օլիգարխների գումարները կտրամադրվեն զենքեր ձեռք բերելու համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, իսկ ընդհանրապես, այս տարիների ընթացքում ձեր ասած օլիգարխները միշտ էլ կարողացել են նաեւ այդ խնդրի լուծումը տալ»:

Ապրիլյան դեպքերից, ըստ ԱԺ նախագահի, պետք է դասեր քաղի ոչ միայն իշխանությունները, այլեւ ամբողջ ժողովուրդը, որպեսզի կարողանա իր հայրենիքը մինչեւ վերջ պաշտպանել. «Այն ձախողումը որը փորձում էր մեր հարեւանը օրեր առաջ կատարել մեր գլխին, մենք պիտի կարողանանք այդ ձախողումներից ճիշտ ճանապարհով դուրս գալ»: