ԼՂՀ սահմանամերձ Մարտակերտ, Մատաղիս, Թալիշ բնակավայրերում մեկնարկել են քառօրյա մարտերում հակառակորդի հրետակոծությունից տուժած շինությունների վերանորոգման եւ բնակիչների կրած վնասների չափը գույքագրելու աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի բաժնի պատասխանատու Հունան Թադեւոսյանը:

«Քաղաքաշինության նախարարությունը բավականաչափ շինանյութ է հատկացրել: Մարտակերտում տանիքներն են կառուցում, տներ կան, որ «Գրադի» պայթյունի ալիքից պատերն են քանդվել, այդ պատերի շարվածքն է արվում: Դպրոցն արդեն վերանորոգվել է, Մատաղիսի դպրոցն էլ վաղը պատրաստ կլինի»,-ասաց նա:

Հունան Թադեւոսյանը նշեց, որ ամենամեծ վնասը կրել է Թալիշը, որտեղ շինվերականգնում իրականացվում է, սակայն վնասի չափերը դեռեւս ճշտվում են:

ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի բաժնի պատասխանատուն նշեց, որ տուժած բնակիչների տվյալները փոխանցվել են ԼՂՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքային խմբին, որը վնասված տեխնիկայի մասով է գույքագրում կատարում: 

«Վնասը փոխհատուցելու է Կառավարությունը ու նաեւ որոշ բարեգործական կազմակերպություններ»,-ասաց նա:

Վնասների չափերի վերաբերյալ վերջնական տվյալները, ըստ Թադեւոսյանի, կհրապարակվեն ավելի ուշ, իսկ ընթացիկ տվյալներով, առավելապես տուժել է Թալիշը, գրեթե բոլոր շինությունները վնասված են, Մարտակերտում վնասվել է 60-ը, որից 7-ը՝ լրջորեն, Մատաղի շինությունները թեթեւ վնասներ են կրել:

Հունան Թադեւոսյանն ավելացրեց, որ ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը եւս աջակցություն է ցուցաբերել՝ շինանյութի տրամադրման տեսքով: