Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի շփման գծում վերջին էսկալացիայի հետեւանքում տարածաշրջանում կուժեղանա Ռուսաստանի դերը։ Այս մասին ապրիլի 12-ին՝ «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանից Հայաստանի եւ Ադրբեջանի կախվածությունը, չնայած երկու երկրներում հասարակական տրամադրություններին, էապես կմեծանա։ «Մյուս արտաքին խաղացողները, այդ թվում՝ Արեւմուտքը եւ Թուրքիան, դժվարություններ կունենան ղարաբաղյան հարցին ներգրավվելու մասով»,- նշել է Մինասյանը։ Նրա խոսքով՝ բանակցությունները կվերաբերեն միայն վստահության վերականգման որոշակի մեխանիզմների հաստատմանը, բայց դա էլ բարդ է։




























