Ակնհայտ է, որ Թուրքիայի միակողմանի դիրքորոշման եւ ամեն գնով Ադրբեջանին սատարելու մոլուցքի պատճառով նրա որեւէ միջամտություն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացին միայն վնաս է հասցնելու: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունները։
Նրա խոսքով, Բաքվի կողմից արդբերաջանա-ղարաբաղյան շփման գծում սանձազերծած ապրիլի 2-5-ի իրադարձությունները եւ Թուրքիայից հնչեցված սադրիչ հայտարարությունները դրա վառ ապացույցն են:
«Թուրքիայի արտգործնախարարը Իսլամական համագործակցության կազմակերպությունում ունեցած իր ելույթում, շահարկելով իսլամական համերաշխությունը, վտանագավոր փորձ է կատարում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները արհեստականորեն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն:
Թուրքիայի ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքն է անկայունության, ահաբեկչության եւ արյունահեղության ալիքի տարածումը թե Թուրքիայի ներսում, թե իր սահմաններից դուրս: Իր վերոհիշյալ սադրիչ հայտարարությամբ Թուրքիայի ԱԳ նախարարն, փաստորեն, բացահայտում է այդ ալիքը դեպի Հարավային Կովկաս տարածելու ձգտումը:
Համոզված ենք, որ մեզ ավանդական բարեկամ մահմեդական պետությունները, լավ գիտակցելով Թուրքիայի իրական նպատակները, չեն տրվի Անկարայի սադրանքներին»,- ընդգծել է Քոչարյանը:



























