Այսօր հյուսիսային պողոտայում նոր տեսքով եւ առաքելությամբ վերաբացվեց Օրանժ Արմենիայի արդեն ռեբրենդավորված սպասարկման կենտրոնը՝ այսպիսով եզրափակելով ռեբրենդինգի ողջ գործընթացը: Որպես նոր «Յուքոմի» խորհրդանիշ եւ գլխամասային սպասարկման կենտրոն՝ հյուսիսային պողոտայի սրահը այսօրվանից կսպասարկի բոլոր բաժանորդներին: Ինչպես արդեն նշել էինք, Օրանժ Արմենիայի, բոլոր մարզային եւ երեւանյան սրահները կվերափոխվեն «Յուքոմի»՝ նոր բրենդով, խորհրդանիշով եւ նոր քաղափարներով: Այսուհետ Օրանժ Արմենիայի, իսկ այժմ արդեն «Յուքոմի»  բաժանորդներն իրենց բոլոր հարցերով պետք է դիմեն «Յուքոմի» սպասարկման կենտրոններ: 

 Այս օրերին Երեւանում էր գտնվում նաեւ նորարարության բնագավառում համաշխարհային առաջատար ամերիկյան «Կալիքս» ընկերության փոխնախագահ Դեյվիդ Սեդան, ով այցելելով «Յուքոմի» կենտրոններ եւ ծանոթանալով կազմակերպության գործունեությանը մասնավորապես նշել էր.  «Շատ ուրախ եմ հյուրընկալվել «Յուքոմին» եւ ծանոթանալ ձեր հիանալի թիմի հետ: Իհարկե մեր համագործակցությունը նոր չէ, որ սկսվել է, սակայն ես շատ ուրախ եմ տեսնել, թե ինչ գործունեություն է ծավալում եւ ինչ առաջընթաց է գրանցել ձեր ընկերությունը շուկայում: Շատ կարեւոր է, որ կա մի ընկերություն, որ ոչ միայն ներմուծում է տեխնոլոգիաներ, այլեւ ստեղծում եւ զարգացնում է այդ տեխնոլոգիաները, ինչը «Յուքոմն» անում է տարիներ շարունակ:

Երբ խոսում ենք երկու ըկերությունների միավորման մասին, հասկանում ենք, որ դա շատ դժվարին գործընթաց էր: Սակայն համոզված եմ, որ «Յուքոմի» համար գալիս են լավ ժամանակներ: Հաջողություն եմ մաղթում «Յուքոմին» եւ վստահեցնում եմ, որ «Կալիքսը» պատրաստ է օժանդակել ձեզ բոլոր նախաձեռնություններում»:

Այսպիսով՝ եկել է ժամանակը փոփոխությունների:  Այսուհետ «Յուքոմը» հանդիսանում է կապի միասնական օպերատոր: