Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայող Արկադի Հարությունյանը, որը գտնվում է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, վիրահատությունից հետո սկսել է քայլել:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից տիկին Զոյան: Նրա խոսքով, Արկադիի վիճակն արդեն լավ է, նա ապաքինվում է, նույն ավտովթարից տուժած նրա եղբոր՝ Ռոման Հարությունյանի վիճակը նույնպես կայունացել է, նրան դեռ չեն ասել նույն ավտովթարի հետեւանքով մահացած եղբոր՝ Ռուսլանի մասին:

Նշենք, որ Արկադի Հարությունյանին ծնողներն արդեն տեղեկացրել են Ռուսլանի մահվան մասին, իսկ Ռոմանի վիճակը քանի այնքան էլ լավ չէ, այդ պատճառով էլ հարազատները դեռ լռում են:

Ռոման  Հարությունյանին երկու շաբաթ առաջ կրկին վիրահատել էին :

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: