Պարտադիր չէ բոլորը նույն ձեւ համախմբվեն, չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս է այս համախմբումից: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման առաջարկով հանդես չի գա, ինչպես դա արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Ընդհակառակը, Ռոբերտ Քոչարյանը միշտ նվիրված է եղել Ղարաբաղի հարցին եւ այդ առումով ես կասկածանք չունեմ: Բայց բոլորը միատեսակ չպիտի արձագանքեին, որ ցույց տային իրենց միասնական լինելը: Եթե հարցը հասել է այստեղ, բոլոր նախագահները, նախկին թե ներկա, բոլոր քաղաքական ուժերը այստեղ, թե դրսում, պետք է նույն նպատակին ծառայեն, որովհետեւ քանակով, որպես այդպիսին, մրցել չենք կարող հարեւանների հետ: Մեզ մնում է գերակշռություն ստանալ որակով եւ երեւում է, որ դա կա»,- ընդգծեց նա: