Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավոր կարգավորման հարց դնելու նախադրյալներ առայժմ չեն դիտարկվում: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից` մեկնաբանելով այդ երկրի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի` թուրքական A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հարցազրույցում դարձյալ կրկնվել են ռուսաստանյան ռազմական ինքնաթիռի հանդեպ Անկարայի ագրեսիվ գործողությունների թուրքական հայտնի փաստարկները,-ասված է ռուսական դիվանագիտական գերատեսչության մեկնաբանության մեջ: Ընդ որում հերթական անգամ խեղաթյուրվում են ակնհայտ փաստերը: Թուրքական ղեկավարության կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ոչ մի քայլի մասին, ինչի վերաբերյալ պնդում կա հարցազրույցում, մեզ հայտնի չէ»:
«Դժբախտաբար, ստիպված ենք արձանագրել, որ թուրքական արտգործնախարարի հերթական արտահայտությունները դուրս չեն գալիս Թուրքիայում ծավալված տեղեկատվական արշավի շրջանակից, որի նպատակը երկկողմ հարաբերություններում իրերի իրական դրվածքի խեղաթյուրումն է: Այսօրվա դրությամբ հնարավոր կարգավորման մասին հարց դնելու նախադրյալներ չեն դիտարկվում», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից:




























