Այս քառօրյա պատերազմից իշխանության հետեւություններից մեկը պետք է ակնհայտորեն լինի այն, որ մեր զինված ուժերը պետք է մատակարարվեն նորագույն սպառազինությամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

«Եւ այդ խնդիրը լուծելու համար կլինի տնտեսության այլ ոլորտներում, կլինի այլ համակարգերում ֆինանսավորման կրճատմամբ այդ առաջնահերթությունը պետք է լուծել։ Հաջորդ հետեւությունը, բնականաբար, պետք է լինի այն, որ, իսկապես, մեր ժողովուրդը հերթական անգամ շատերի համար անակնկալ ապացուցեց, որ միասնական է արտաքին սպառնալիքներին դիմագրավելու հարցում»,-ասաց նա։

Իշխանական պատգամավորը համամիտ է այն տեսակետների հետ, որ պատերազմն ավելի ցցուն է դարձնում պետական կառավարման ոլորտում առկա թերությունները։ «Ես կիսում եմ հրապարակում հնչող այն տեսակետների հետ, որ պատերազմը սովորաբար արթնացնում է մարդկանց։ Ռազմական ագրեսիան ցցուն կերպով ի ցույց է դնում այն թերությունները, որ կան մեր պետական կառավարման ոլորտում, մեր հանրային կյանքում։ Այդ հետոեւությունները պետք է արվեին վաղուց»,- ասել է նա։