Շատ են մեխանիզմները Ռուսաստանին հասկացնելու, որ տարածաշրջանում Հայաստանից բացի այլ դաշնակից չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում քառօրյա մարտերի ընթացքում Ռուսաստանի պահվածքին:  

«Կարելի է բացահայտ երեսներին ասել, որ դժգոհ ենք, կարող է եւ դա գործողությամբ, կամ ատամ ցույց տալով զգացնել տալ: Օրինակ՝ մենք ո՞նց ենք զգացել, որ Ռուսաստանը մեզ տարբեր ժամանակներում քաշել է: Դա կարող ենք անել հայտարարությունների, հանդիպումներից հրաժարվելու եւ այլ ձեւերով, մեխանիզմները շատ են»,-ասաց ԱԺ պատգամավորը:

Թեւան Պողոսյանի խոսքով՝ Ռուսաստանին «դաս տալու» լավագույն տարբերակն այն կլիներ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ապրիլի 10-ին չմեկներ Մոսկվա՝ ԵՏՄ նախարարների խորհրդին մասնակցելու:

«Այդ հանդիպումները պետք է այնքան ժամանակ տեղի չունենային մինչեւ, որ չկայանային Երեւանում, իսկ Կառավարության ներկայացուցիչը պիտի չմեկներ Մոսկվա՝ դրանով բացատրելով, որ հերթը մեզ մոտ է, մեզ մոտ էլ պետք է հանդիպումը կայանա: ԵՏՄ առաջնային ուժը Ռուսաստանն է,  եւ եթե գիտակցեր, որ Հայաստանը կարող է նման մեխանիզմներօգտագործել, կաներ ամեն ինչ՝ պաշտպանելու իր դաշնակցին»,-ասաց նա:

Ըստ ԱԺ պատգամավորի՝ Ռուսաստանն իրեն իսկական դաշնակցի պես պահած կլիներ, եթե Ադրբեջանին զենք չվաճառեր եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հասներ նրան, որ տարածաշրջանը ապառազմականացված շրջան դառնար:

«Ռուսաստանը պետք է ժամանակին 5 մլրդ զենք չմատակարարեր Ադրբեջանին, եւ զենք վաճառող յուրաքանչյուր երկրի դեմ սանկցիայի խնդիր բարձրացներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, այդ գործիքն ուներ: Պետք է այնպիսի նախաձեռնությամբ հանդես գար,  որ ոչ Իսրայելը, ոչ Թուրքիան, ոչ Բելոռուսիան, ոչ Ուկրաինան Ադրբեջանի զենք չվաճառեին: Պետք է չփորձեր բալանսավորման մեխանիզմ կիրառել, այլ սանկցիաներով բալանսավորեր իրավիճակը»,-ասաց Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Ռուաստանը ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա մարտերի ընթացքում տարօրինակ պահվածք դրսեւորեց, այնինչ պետք է որպես դաշնակից երկիր թիրախավորված հայտարարությամբ նշեր, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել:

«Ռուսաստանը պետք է մեղավորի անունը բաց տեքստով հնչեցներ՝ ասելով, որ տարածաշրջանում սկսել են գործողություններ իմ դաշնակցի հանդեպ: Հայ-ադրբեջանական սահմանում յուրաքանչյուր կրակոց պետք է արձագանք գտներ»,-ասաց Թեւան Պողոսյանը: