Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբերից մեկի պետ Վեմո մականունով հայտնի Մաքսիմ Հարությունյանը քիչ առաջ հարձակում է գործել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանի եւ  թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի խոսնակ Ալեն Սիմոնյանի վրա:

NEWS.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով, որ ինքը ահազանգ է ստացել թե Հրազդանի քաղաքապետի նախընտրական շտաբերից մեկում ընտրակաշառք են բաժանում, Արայիկ Հարությունյանի հետ շտապել է այնտեղ՝ պարզելու ահազանգն իսկությանը համապատասխանում է, թե ոչ:

«Արայիկի հետ մեկնեցինք, տեսնենք ահազանգը ճիշտ է թե ոչ: Ես լրագրողի բեյջով մտա գրասենյակ, ներկայացա, ասացի, որ հարցազրույց եմ ուզում, մի մարդ մոտեցավ, Վեմո ներկայացավ, ասաց հարցերն իրեն ուղղեմ: Ասացի՝ ահազանգ եմ ստացել, որ ընտրակաշառք եք բաժանում, վրդովվեց, տեսավ, որ նկարահանում եմ, վառարանի կողքի երկաթը վերցրեց, 20 հոգի կար հավաքված, իրենց հորդորեց մեզ ու մեր մեքենան ջարդել: Հավաքվածներին ասում էր՝ վերկացեք՝ ինչ եք նստել, սկսեցին հրմշտել: Հասկացա, որ իրավիճակը լարվում է, դուրս եկանք»,-պատմեց նա՝ ավելացնելով, որ կատարվածը տեսանկարահանել է:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հենց դրսում էլ իրեն հարված է հասցվել, ինչից հետո ոստիկանություն է զանգահարել:

«Գրասենյակից դուրս եկանք, դրսում հարված ստացա ձեռքիս, հեռախոսս դուրս թռավ, գետնին ընկավ: Զանգահարեցինք ոստիկանություն, այդ ընթացքում բանակցողներ էին հայտնվում, փորձում էին մեզ հետ համաձայնության գալ, բայց մեքենայից չիջանք մինչեւ ոստիկանությունը չեկավ: Գնացինք բաժին ու բացատրությունը գրեցինք կատարվածի մասին»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին: Իրենց թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը, Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, ՕԵԿ-ից՝ Արթուր Միսակյանը եւ անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը: