Աշնանը Հայաստանում քաղաքական լուրջ զարգացումներ են սպասվում: Այդ մասին այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Մանոյանը զարգացումներն առաջին հերթին պայմանավորում է նրանով, որ սեպտեմբերի վերջին ներկայացվելու է մադրիդյան սկզբունքների վերամշակված տարբերակը եւ ճնշում է գործադրվելու կողմերի վրա՝ մինչեւ հոկտեմբերի կես իրենց տեսակետները հայտնելու։ Ըստ Մանոյանի՝ հենց այս շրջանում էլ քաղաքական ուժերը ավելի կատիվանան, որպեսզի ներկայացնեն իրենց դիրքորոշումը. «Շատ չէ քաղաքական ուժերի թիվը, որոնք կողմ են մադրիդյան սկզբունքներին։ Եթե այդ սկզբունքները պիտի ներկայացվեն, ուրեմն պարզ է, որ քաղաքական ուժերն էլ պետք է դեմ հանդես գան»։
Ինչ վերաբերում է Դաշնակցության սեպտեմբերի 2-ի հանրահավաքին, ասաց, որ միտինգի օրակարգում լինելու է հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան խնդիրը։ ՀՅԴ քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավարը նաեւ նշեց, որ դաշնակցության կողմից արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելը ուժի մեջ է:




























