Անվտանգության միջավայրի փոփոխությունը պետք է զուգորդվի հայեցակարգային նոր լուծումներով: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ՀՀ եւ ԼՂՀ 25 տարվա պաշտպանողական հայեցակարգը մեզ տվեց ոչ ավելին, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ, ինչը հանգեցրեց պատերազմի:
Հայեցակարգային լուծումները հետեւյալն են.
-Ճանաչել ԼՂՀ-ն, առաջին հերթին նրա համար, որպեսզի Արցախը դառնա բանակցությունների լիիրավ կողմ, ինչը նաեւ հնարավորություն կստեղծի խորը դիվանագիտական գործընթացներ իրականացնել:
-Հայաստանը եւ Արցախը պետք է վերանայեն «պասիվ-ստատիկ պաշտպանության» հայեցակարգը եւ անցնեն «սանձահարման/զսպման» հայեցակարգի, ինչը հնարավորություն կստեղծի զինված հարձակումները եւ ապագա պատերազմի վտանգը նվազեցնել:
-ԵԱՀԿ-ի կրակի դադարի մոնիտորների տեղադրում ադրբեջանա-արցախյան սահմանի ողջ երկայնքով:
-Կրավորական եւ չափից դուրս հանդուրժողական վարքագծի փոփոխություն: Մենք չպետք է հանդուրժենք հրադադարի ահագնացող խախտումները (ցույցեր, բողոքներ, փաստաթղթեր, ելույթներ եւ այլն):
-Մենք չպետք է ընդունենք այն հանգամանքը, որ մեղադրում են հավասարապես երկու կողմերին: Խախտումներ նախաձեռնողները պետք է պատասխանատվության կանչվեն:
-Պատասխանատվության կանչումը պետք է բաժանել երկու մասի: Չորսօրյա պատերազմ (ագրեսիա, տարածքների զավթում, քաղաքացիական զոհեր եւ վիրավորներ, խոշտանգվածներ, ներքին տեղահանվածներ, գույքային վնաս, խոշտանգված եւ սպանված զինվորներ, արգելված զենքերի օգտագործում): Մինչ չորսօրյա պատերազմի նախորդող եւ հաջորդող ժամանակաշրջանում զինադադարի ռեժիմի խախտում: Բոլոր փաստերը մարդու իրավունքների խախտման եւ հակահումանիզմի դրսեւորումների, որոնք հակասում են պատերազմի օրենքներին ու սովորույթներին եւ կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքը (1950թ. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա, 1989թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիա, 1949թ. Գործող բանակներում վիրավորների եւ հիվանդների վիճակի բարելավման մասին Ժնեւյան 1-ին կոնվենցիա, 1949թ․Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնեւյան 3-րդ կոնվենցիա եւ 1977թ․Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիաների 1-ին արձանագրություն եւ այլն)
- Հայ-ռուսական ճգնաժամային հարաբերությունների վերանայում:
- Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերանայում անվտանգության գծով համագործակցության տեսանկյունից:
- Հայաստան-Իրան հարաբերությունների վերանայում անվտանգության գծով համագործակցության տեսանկյունից»:




























