Պետք է դիմել ԼՂՀ ՊԲ Գերագույն Գլխավոր հրամանատարին, որպեսզի նա հրաման տա Պաշտպանության բանակին վերականգնել Արցախի Հանրապետության պետական սահման: Այս մասին ասված է ԼՂՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանին ուղղված բաց նամակում:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Դիմում եմ ձեզ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, Արցախյան շարժման մասնակից, Արցախյան պատերազմի մասնակից, կին, որը գրել է մեր Պաշտպանության բանակի ստեղծման մասին առաջին հրամանը:
Այսօր մեր երկիրը հայտնվել է վտանգի մեջ, որովհետեւ խախտվել է մեր հանրապետության պետական սահմանը, ինչի համար դուք քաղաքական իշխանությունների հետ պատասխանատվություն եք կրում: Մեր սահմանը պետք է վերականգնվի, որովհետեւ այն ամրագրված է Սահմանադրության մեջ:
Մենք շնորհակալ ենք մեր հզոր բանակից, խոնարհվում ենք այն մեր որդիների առջեւ, որոնք իրենց կյանքը չխնայեցին՝ հանուն մեր երկրի անկախության ու ինքնիշխանության, ինչպես որ երդվել էին Պաշտպանության բանակում ծառայության անցնելիս:
Նրանց թափած արյունը, մեր որդիների խոշտանգված ու անարգանքի ենթարկված մարմինները այսօր մեզանից պահանջում են, որ մենք տեր կանգնենք մեր բանակին եւ չթողնենք, որպեսզի նորից կրկնվի նման բան:
Դուք, որպես Պաշտպանության բանակի հրամանատար, պետք է անհապաղ վերականգնեք մեր բանակի կարգ ու կանոնը:
Առաջին հերթին, պետք է դուրս բերել մեր զորամասերի տարածքից բոլոր բանակի հետ կապ չունեցող, մարտական արվեստին անծանոթ, կասկածելի բնութագրերով ու վարքագծով մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով այժմ ոչ թե առաջնագծում են, այլ գնդի զորանոցում: Նրանց պահվածքը արդեն իսկ դժգոհություններ է առաջացրել թե զինվորականների, թե հասարակ քաղաքացիների շարքում:
Երկրորդը, դուք պետք է դիմեք ՊԲ Գերագույն Գլխավոր հրամանատարին, որպեսզի նա հրաման տա Պաշտպանության բանակին վերականգնել Արցախի Հանրապետության պետական սահմանը:
Մենք ՊԲ-ից սպասում ենք հաղորդագրություն՝ պետական սահմանը խախտելու համար անմիջական պատասխանատուների եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Այս վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ մեր իշխանությունների վրա ահռելի ճնշում է գործադրվել, ինչն էլ թույլ չի տալիս մեր պատասխանատուներին գործել մեր երկրի Սահմանադրության սահմաններում եւ կատարել Սահմանադրության պահանջները: Մենք բոլորս պատրաստ ենք լսել դրա մասին հայտարարությունը եւ սատարել մեր ռազմա-քաղաքական իշխանությանը, որպեսզի մեր երկրում վերականգնվի օրինականությունը եւ սահմանադրական կարգը:
Հակառակ դեպքում մենք կդնենք Ձեր՝ Սահմանադրությանը չենթարկվելու եւ մասնագիտական անհամապատասխանության հարցը:
ՄԱՐԳԱՐԻՏԱ ՔԱՐԱՄՅԱՆ





























