Մեր սահմանը պահպանող տղաներին պետք են ոչ թե բլիթներ եւ կոնֆետներ, այլ գիշերային տեսողության օպտիկական նշանառության սարքեր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Երգահանն, այնուհետեւ, կապ հաստատեց Մարտակերտի սահմանին գտնվող իր ընկերոջ՝ ազատամարտիկ Վարդան Գեւորգյանի հետ, որը հաստատեց Հախվերդյանի տեսակետը։
«Դիրքերում եղել եմ մեկ անգամ։ Կրակել չգիտեմ, բայց զինվորներին ոգեշնչել եմ իմ երգերով»,-նշեց երաժիշտը՝ հավելելով, որ մարտական երգերը կարեւոր է ներկայացնել որակյալ լեզվով, քանի որ մեր լեզուն մեր հայրենիքն է։
«Երկիրը սիրում են մշակույթի շնորհիվ։ Երկիրը չես կարող սիրել միայն սարի կամ ձորի համար։ Մշակույթն է մեր հենասյունը»,-ընդգծեց Հախվերդյանն ու հավելեց. «Չեմ սիրում հայրենասիրություն բառը, բայց նրանք, որոնք գնացել են կռվի, իսկապես, սիրում են իրենց հայրենիքը»:
«Մենք հերոսական պայքար ենք մղում թուրքի դեմ, իսկ ներքինի դեմ ո՞վ է պայքար մղելու։ Այս իրավիճակից քաղած դասն այն է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա»,-կարծիք հայտնեց արվեստագետը։
Սյունե Առաքելյան





























