Օսմանյան Թուրքիայում 1908-ի երիտթուրքերի հեղաշրջումից հետո երիտթուրքերն արդեն 1909-ի ապրիլի 1-ից ապրիլի 14-ը Ադանայում եւ հարակից շրջաններում հայերի զանգվածային ջարդ իրականացրեցին։

Ադանայի նահանգապետը 1909-ի մարտի 31-ին նահանգային խորհրդի նիստ էր գումարել, որի ընթացքում հայերին կոտորելու որոշում է կայացվել։ Կոտորածից առաջ իշխանությունները զենքեր էին բաժանել մուսուլման բնակչությանը, բանտերից ազատ արձակեցին ծանր հանցագործներին եւ արդեն ապրիլի 1-ին Ադանայում եւ հարակից շրջաններում սկսվեցին հայերի ջարդերը։

Իսկ ապրիլի 12-ին իբր կարգ ու կանոն հաստատելու համար Ադանա մտած երիտթուրքերի զորքերը սկսեցին ավելի անխնա կոտորել հայերին։ Ադանայի կոտորածին զոհ են գնացել 30 հազարից ավել հայեր։

Ադանայի ջարդերը մարսած  երիտթուրքերը 6 տարի անց կազմակերպեցին արդեն Հայոց ցեղասպանությունը։