Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հարցազրույցը էժանագին բամբասանքի էր նման: Այս մասին ապրիլի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Այդ հարցազրույցը, նրա խոսքով, ոչ մի առնչություն չունի այսօրվա իրադարձությունների հետ, քանի որ դրանում անդրադարձ է եղել Մադրիդյան սկզբունքներին, իսկ այն բավականին հնացած փաստաթուղթ է: «Իրականությունն այսօր բոլորովին այլ է: 2005-2006 թվականներին ծնունդ առած սկզբունքները ոչ մի առնչություն չունեն ներկա աշխարհքաղաքական իրադարձությունների հետ»,- շեշտել է Փոստանջյանը:

Եթե կար հանդիպելու խնդիր, ապա այդ հանդիպումը պետք է լիներ ոչ թե նշված երկու անձանց միջեւ, այլեւ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ: «Նրանք բոլորը պետք է ներգրավված լինեին քննարկումներին, քանի որ կա դրա անհրաժեշտությունը»,- հավելել է Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին ու գործող նախագահները ապրիլի 9-ին հանդիպել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը ու քննարկել հարցեր, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտության գոտում կատարված վերջին իրադարձություններին: