Հայաստանի առաջին նախագահի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ղարաբաղի հարցով նոր փաստաթղթի քննարկման հարցով չի եղել։ Հանդիպմանը քննարկվել է ստեղծված իրավիճակը։ Այս մասին ապրիլի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա հիշեցրել է, որ դեռ մինչեւ այդ հանդիպումը ինքը բարձր էր գնահատել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որը կարդացել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ «Դա պետական մտածելակերպի վառ օրինակ էր։ Անկախ այն հանգամանքից, թե դուր գալիս է ինձ արդյոք առաջին նախագահի քաղաքականությունը, թե ոչ, փաստ է, որ նա այդ պահին, պետության եւ հայրենի համար վճռորոշ պահին իրեն պահեց որպես պետական մտածելակերպ ունեցող մարդ։ Աստված տա, որ երկրորդ նախագահը նույնպես միանա առաջին եւ գործող նախագահներին։ Կարծում եմ, որ մի գեղեցիկ օր Ռոբերտ Քոչարյանը նույնպես կփոխի իր  կարծիքը եւ կմիանա համաժողովրդական միասնությանը»,- նշել է Շարմազանովը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ նա բազմիցս Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները գնահատել է որպես քաղաքական թոշակառուի հայտարարություններ, Շարմազանովը պատասխանեց. «Ես գնահատականներ եմ տվել ոչ թե նրա անձին, այլ երեւույթին։ Ես փոքր մարդ եմ, որպեսզ գնահատականներ տամ իմ երկրի նախագահներին։ Դուր գալիս է ինձ, թե ոչ, նրանք իմ երկրի նախագահներն են՝ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը։ Ես միշտ հարգել եմ եւ հարգելու եմ նախագահի ինստիտուտը»։