Գառնեցիներն իրավունք ունեն ստանալու ստույգ տեղեկություններ Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից խողովակի մեջ վերցնելու եւ Արտաշատի Քաղցրաշեն ու Նարեկ գյուղեր տեղափոխելու մասին ծրագրի իրականացման հետեւանքների մասին: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության որոշման դեմ բողոքող գառնեցիների հետ հանդիպմանն ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Գառնեցիները լուրջ կասկածներ ունեն, որ սա ոչ թե պետական, այլ անձնական նշանակության ծրագիր է: Որպես կանոն, Հայաստանում քաղաքաշինական ծրագրերը համայնքի բնակիչների հետ պատշաճ կերպով չի քննարկվում: Եթե կառավարությունը կարողանա համոզել, որ այս ծրագրով պետական մակարդակի խնդիր է լուծում եւ Գառնի համայնքի շահերը չեն տուժում, որեւէ խնդիր չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը կրկին հիշեցրեց, որ Գառնիից նախատեսվում է ջուր տրամադրել Նարեկ գյուղին: «Պետք է հավասար պայմաններ ստեղծվեն: Ես չեմ ուզում, որ հանկարծ ստացվի, որ մենք Արարատյան դաշտի գյուղերի, գյուղացիների շահերի դեմ խոսենք: Այստեղ խնդիրն այն է, որ մարդիկ իրավունք ունեն ստանալու ստույգ տեղեկություններ ծրագրի իրականացման հետեւանքների մասին»,- նշեց Փաշինյանը:
Նշենք, որ գառնեցիներն այսօր փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը եւ պահանջում են դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները եւ դուրս հանել տեխնիկան: Հիշեցնենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակի մեջ եւ տեղափոխել Արտաշատի Քաղցրաշեն ու Նարեկ գյուղերը:





























