Սխալ է  ՀԱՊԿ-ից եւ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հարցի քննարկումն ինքնին: Այդ մասին ապրիլի  13-ի մամուլի ասուլիսին հայտնել է Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:   

Այսօրվա դրությամբ նա ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությանն այլընտրանք չի տեսնում:  «Բայց, իհարկե, անհրաժեշտ է կոնկրետացնել օրակարգը: Չարժե դիմել կտրուկ քայլերի: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է: Ցանկացած որոշման ընդունման գործընթացում մենք հաշվի ենք առնում պլյուսները եւ մինուսները: Երբ գնում ենք ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ, չենք ասում, թե այնտեղ միայն դրախտ է: Մենք հաշվի ենք առնում օգուտը եւ վնասը, օգուտն ավելին շատ է», - նշել է Շարմազանովը: Այս տարածաշրջանում,-շարունակել է նա,- երկու խոշոր բանակ կա` թուրքականը եւ ռուսաստանյանը:  «Մենք տեսանք, թե ինչ եղավ, երբ թուրքական բանակը մենակ մնաց այս տարածաշրջանում», - հիշեցրել է Շարմազանովը:  

Փոխնախագահի համոզմամբ, Հայաստանը պիտի առանց ավելորդ հուզականության իր օրակարգը ներկայացնի դաշնակցին` Ռուսաստանին:  «Մենք պիտի մի բան հասկանանք. այս աշխարհում «բարի քեռիներ» չկան: Մենք մեր շահերն ունենք, եւ երբ դաշնակցային պարտավորություններ ենք իրականացնում, նախ եւ առաջ առաջնորդվում ենք մեր պետական շահերով: Նույնը անում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, եվրոպական պետությունները», - հավելել է Էդուարդ Շարմազանովը: