Գյումրիում այսօր՝ ապրիլի 13-ին, տեղի ունեցավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի հետ մարտնչելիս զոհված  34-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքեյլանի հուղարկավորությունը: Ալեքսան Առաքելյանին վերջին հրաժեշտը տվեցին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրունում: Հուղարկավորությանը ներկա էին նաեւ քաղաքային եւ մարզային իշխանության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ եւ Պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ալեքսան Առաքելյանին հուղարկավորեցին զինվորական կարգով՝ Շիրակ գերեզմանատան Արցախյան ազատամարտիկների պանթեոնում:

Հիշեցնենք, որ Ալեքսան Առաքելյանն իր 5 զինակից ընկերների հետ զոհվել էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թեժ կռվի ժամանակ: Փոխգնդապետն իր ընկերների հետ դիրքեր էր մեկնել, երբ իմացել էր հակառակորդի հարձակման մասին, սակայն դիրքերում շրջափակել էր նրանց մեքենան:

«Տղերքը հասցրել են իջնել, կրակել թշնամուն... Ալիկին խփել են, երբ ինքը շրջվել է, որ մյուս զենքը վերցնի»,- պատմել էին հարազատները:

Նշենք, որ Ալեքսան Առաքելյանին բոլորը «Մառոզ» էին ասում, նույնիսկ հակառակորդն է իմացել նրա քաջ ու անվախ լինելու մասին: