«Երկրապահ» կամավորականների միության անդամ Նորայր Հաջիյանը զոհվել է հերոսի մահով ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նորայր Հաջիյանն առաջաիններից էր, որ ապրիլի 2-ին մարտական գործողություններին մասնակցելու համար կամավորագրվել էր Թալիշի ուղղությունում, որտեղ եւ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։

«Նորայրը 40 տարեկան էր, ծնվել էր Բաքվում, լրագրողի ընտանիքում։ 1988թ. հայտնի իրադարձությունների պատճառով տեղափոխվել է Երեւան։ 1992թ. դեկտեմբերից մինչեւ 1995թ. օգոստոսի վերջերը տարբեր կամավորական ջոկատների կազմում մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը (Կոռնիձոր, Շուռնուխ) եւ Արցախի ինքնապաշտպանությանը (Լաչին, Քելբաջար, Օմարի բարձունք, Ղուբաթլու, Մարտակերտ)»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նորայր Հաջիյանը 2015թ. օգոստոսին՝ Ադրբեջանի հերթական ագրեսիայի օրերին, նույնպես կամավորագրվել եւ ակտիվորեն մասնակցել էր Արցախի պաշտպանական մարտերին։

Նշենք, որ Նորայրը ծառայությունն ավարտելուց հետո շտական բնակություն էր հաստատել Ստեփանակերտում:

Նորայր Հաջիյանը պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», ԼՂՀ «Մայրություն» ՀԿ «Մայրական երախտագիտություն» մեդալներով, ՀՀ «Արամազդ» հուշամեդալով: ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։