Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ըստ ՔԿ հաղորդագրության, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստացվել է «Արարատնյուզ» կայքի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանի հաղորդումն առ այն, որ ապրիլի 12-ին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբում, շտաբի պետի կողմից խոչընդոտվել է իր մասնագիտական գործունեությունը։

Ա.Սիմոնյանը հայտնել է, որ ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրութունների գործընթացը լուսաբանելու նպատակով ապրիլի 12-ին գտնվել է Հրազդան քաղաքում եւ նույն օրը ժամը 18:00-ի սահմաններում գնացել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի նախընտրական շտաբ, որտեղ ներկայանալով որպես լրագրող՝ ցանկացել է լուսաբանել ընտրություններին վերաբերող հարցեր, սակայն նրան չեն թույլատրել մնալ շտաբում, հրելով դուրս են հանել՝ դրանով իսկ խոչընդոտելով լիազորությունների իրականացմանը:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա ապրիլի 13-ին հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։