Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնել պահանջող մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք  այսօր՝ ապրիլի 13-ին, Երեւանի Ազատության հրապարակից երթով շարժվում են դեպի Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, մի քանի րոպե կանգ առան կառավարության շենքի դիմաց եւ դատապարտեցին Հայաստանի վարչապետ՝ Հովիկ Աբրահայանի՝ Մոսկվա մեկնելու եւ  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու քայլը:

«ՀՀ վարչապետը երեկ մեկնեց Մոսկվա, եւ հանդիպեց այն երկրների վարչապետների հետ, որոնց առաջարկությամբ  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից տեղափոխվել էր Մոսկվա: Դիվանագիտական մակարադակով մեր դեմքին թքեցին, մենք ասացինք անձրեւ է գալիս: Հովիկ Աբրահամյնն այնպես էր ժպտում  Դմիտրի Մեդվեդեւին, կարծես՝  Ռուսաստանն հայտարարել էր, որ Ադրբեջանը ագրեսոր է եւ դադարեցնելու է զենքի վաճառքը Ադրբեջնին»,-կառավարության դիմաց իր ելույթում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոնիսյանը:

Նշենք, որ երթի մասնակիցները «ամոթ» վանկարկումներով մի քանի րոպե կանգ առան նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմաց:

Հիշեցնենք, որ երթի մասնակիցները Ռուսաստանի Դաշնությունից պահանջում են

-կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները ,իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը,

-անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: