Րոպեներ առաջ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկան դուրս է բերվել Ազատի կիրճից, գառնեցիները բացել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի բնակիչներից Արմեն Հարությունյանը:
«Ներկայումս 4 մեքենա դուրս է բերվել կիրճից, աշխատանքները դադարեցվել են: Սակայն մենք սրանով չենք բավարարվելու. ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը այսօր մեզ խոստացավ, որ առաջիկայում մասնագետների խումբ կգա, կհանդւպի մեզ հետ, միասին կքննարկենք ստեղծված իրավիճակը, մինչեւ մեր խնդիրը վերջնականապես կլուծվի»,- նշեց Գառնիի բնակիչը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գառնիի մի քանի հարյուր բնակիչ այսօր՝ ապրիլի 13-ին, վաղ առավոտից փակել են Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը ճանապարհը եւ պահանջում են դադարեցնել Ազատի կիրճում կատարվող շինարարական աշխատանքները ու դուրս հանել տեխնիկան:
Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:



























