Ռուսաստանի եւ Ադրբեջանի ստոր խաղում Արցախն ու հայ զինվորը դարձվել են մանրադրամ: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց՝ Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանը:
«Ռուսաստանն ասում է չի ճանաչում Արցախը, որովհետեւ այն Հայաստանը ձեռք է բերել ուժով, Ռուսաստանը հայտարարել է, որ հետագայում համագործակցությունը ամրապնդելու է Ադրբեջանի հետ, միթե սա դաշնակցի պահվածք է, միթե սա ստորություն չէ, հարված չէ մեր թիկունքից: ՌԴ փոխվարչապետն ասում է՝ սառնասիրտ եղեք, որ ձեզ մեր զենքով սպանում են, մենք մեղավոր չենք, կրակողներն են մեղավոր: Պատահական չէ, որ հակահայկական փաստաթուղթը ստորագրած Դմիտրի Մեդվեդեւը հայտարարում է, որ համագործակցությունը շարունակելու է Ադրբեջանի հետ. Դմիտրին եւ Ռոգոզինը սահմռկեցուցիչ հայտարարություններ են արել՝ ասելով, որ հավասարակշռում են տարածաշրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի շահերը, այսինքն՝ նրանք մեզ որպես դաշնակից չեն ճանաչում, այլ մենք ընդամենը խաղի տիկնիկներ ենք իրենց համար: Նրանց մտադրությունը Ադրբեջանին սպառազինելն է եղել, եթե ասում են, որ այդ քաղաքականության ընթացքում փորձում են պատերազմները կանխել, ապա թող ասեն՝ ինչու՞ եղան այս պատերազմները: Մենք պահանջում ենք նաեւ մեր իշխանությւոններից վերջ տալ այս քաղաքականությանը: Մեր զինվորներն արդեն ապացուցել են, որ մենք ազատությունից անգամ մի սանտիմետր չենք նահանջելու»,-ասաց նա:
Նշենք, որ այս պահին երթի մասնակիցները «Ինքնիշխան Հայաստան», «Ազատ, անկախ Հաայստան», «Պահանջում ենք», «Մեր դաշնակիցը մեր զինվորն ա» վանկարկումներով շարունակում են բողոքի ակցիան դեսպանատան դիմաց: Նրանք պահանջում են
-կատարել de jure ռազմաքաղաքական դաշնակցի իր պարտականությունները ,իր հետագա որոշումներում հարգել de jure դաշնակցի՝ Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերը,
-անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:





























