Ապրիլի 11-18-ը Երեւանի պետական համալսարանի շուրջ 200 ուսանող կանցնի տարատեսակ աղետների՝ ներառյալ հրազենային եւ ականի պայթյունի դեպքում վնասվածքների բժշկական պատրաստվածության դասընթաց:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն կազմակերպվում է ՀՀ ԱԻ նախարարության եւ ԵՊՀ-ի միջեւ գործող եռամյա համագործակցության շրջանակներում՝ համաձայն որի, ամռան ամիսներին ԱԻՆ Աղետների բժշկության կենտրոնը դասընթացներ է կազմակերպում պետհամալսարանի 40-60 ուսանողի համար: Կազմակերպված համաբանակումի շրջանակներում ուսանողները 15-30 օրով մեկնում են Արցախ եւ ստանում տեսական ու գործնական գիտելիքներ:
Մեզ հետ զրույցում ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, փ/ծ գնդապետ Կ. Աթոյանը նշեց, որ դասընթացների ժամանակացույցի փոփոխությունը պայմանավորված է վերջին օրերին հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ:
«Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ բնակչության, մասնավորապես` երիտասարդների շրջանում, ցանկություն է առաջացել անցնելու առաջին բուժօգնության՝ հիմնականում հրազենային եւ ականի պայթյունների վնասվածքների բուժօգնության դասընթացներ: Նախկինում անցկացրել ենք աղետների բժշկության դասընթացներ՝ կոտրվածքների, արնահոսությունների, սիրտ-թոքային անբավարարվածության, իսկ այժմ նշված թեմաներին ավելացրել ենք նաեւ հրազենային եւ ականի պայթյունի հետեւանքով առաջացող վնասվածքների բուժօգնությունը: Առաջին դասերը ցույց տվեցին, որ հետաքրքրությունը բավական մեծ է, եւ հնարավոր է՝ ըստ պահանջի, հետագայում երկարացնենք դասընթացների տեւողությունը»,- տեղեկացրեց Կ. Աթոյանը:
Հաշվի առնելով մեծ թվով կամավորների առկայությունը (շուրջ 200 ուսանող)՝ Աղետների բժշկության կենտրոնի կողմից որոշում է կայացվել մեկ շաբաթվա ընթացքում կամավորներից վերապատրաստել 20 հրահանգիչ, որոնք հետագայում դասընթացներ կանցկացնեն մյուս 180 ուսանողների հետ: Կենտրոնի մասնագետների խորհրդով` առաջին 20 վերապատրաստվող ուսանողներն ընտրվել են հիմնականում կենսաբանական ու քիմիական ֆակուլտետներից՝ հաշվի առնելով վերոնշյալ մասնագիտությունների առնչությունը բժշկության հետ: Ուսանողները կստանան թե գործնական, թե տեսական գիտելիքներ:
«Բացի լսարանային դասընթացներից, հետագայում նախատեսվում է նաեւ դաշտային պարապմունքներ, որոնք կանցկացվեն Լուսակերտի ուսումնական կենտրոնի հրաձգարանում»,- հավելեց Կ. Աթոյանը:
Դասընթացները կվարի Աղետների բժշկության կենտրոնի բուժկանխարգելման բաժնի հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Բարսեղյանը:





























