Երեւանի պետական համալսարանի տարածքում ապրիլի 8-ին սպանված երիտասարդը եւ նրա սպանության մեջ մեղադրվողը որեւէ կապ չունի ԵՊՀ-ի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Պարզապես դեպքը մեզ մոտ է տեղի ունեցել: Սպանված երիտասարդն ոււ սպանության մեջ մեղադրվողը մեր ուսանողները չեն»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի մոտ: Տարածքում կան տեսախցիկներ, որոնք ամենայն հավանականությամբ ֆիքսել են տեղի ունեցածը: Տեսախցիկներն արդեն առգրավված են եւ գտնվում են քննիչների մոտ:

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ ապրիլի 8-ին Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-պատռված թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Ազատ Աբրահամյանը: Ժամեր անց երիտասարդը, առանց գիտակցության գալու, հիվանդանոցում մահացել է:

Քննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 13:30-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ-ին հարող տարածքում անձնական հարցեր պարզաբանելու նպատակով Ազատ Աբրահամյանի հետ հանդիպել է Սևան քաղաքի բնակիչ Գ.Սարգսյանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև երկու երիտասարդների ընկերները։

Գ.Սարգսյանի առաջարկով՝ Ա.Աբրահամյանի հետ առանձնացել են՝ զրույցն առանձին պայմաններում շարունակելու: Ըստ ձեռք բերված ապացույցների՝ հասնելով «Կենսաբանության» ֆակուլտետի մասնաշենքի հետնամասի մոտ՝ Գ.Սարգսյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Ա.Աբրահամյանի կենսականորեն կարևոր օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Գ.Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է: