Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանը եւ «Էրեբունի» ԲԿ-ի ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը մեղադրվում են զորակոչիկից կաշառք պահանջելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության` Երևանի բժշկական համալսարանի թերապիայի թիվ 1 ամբիոնի վարիչ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Այվազյանն «Էրեբունի» ԲԿ-ի բուժքույր Գ.Ղուկասյանից պահանջել է 1500 ԱՄՆ դոլար կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Այվազյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:
Զինապարտների հետազոտության և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի անդամ Քրիստինա Ջամալյանը մեղադրվում է այն բանի համար, որ կաշառքի դիմաց զորակոչիկ Մ.Խաչատրյանի վերաբերյալ տարկետման իրավունք վերապահող հետազոտման ակտ տալու և տարեկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ 2014թ. դեկտեմբերի սկզբին համաձայնություն է ձեռք բերել միջնորդ Ա. Բաբայանի հետ և նրա միջոցով 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետեւ բժշկուհին պայմանավորվել է կաշառքի գումարը եղբորը` Էդգար Ջամալյանին հանձնելու վերաբերյալ և 2014թ. դեկտեմբերի 8-ին վերջինիս օժանդակությամբ ստացել է այդ գումարից 220 հազար դրամը: Քրիստինա Ջամալյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել:
Էդգար Ջամալյանը մեղադրվում է քրոջն օժանդակելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Էդգար Ջամալյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Ալեն Բաբայանը նույնպես մեղադրվում է այս գործընթացին օժանդակելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 313-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Սամսոն Խաչատրյանն էլ մեղադրվում է այն բանի համար, որ նա որդու` Մ.Խաչատրյանի «Էրեբունի» ԲԿ-ի, զինապարտների հետազոտության և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի կողմից տարկետման իրավունք վերապահող հետազոտման ակտ տալու և տարեկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու համար 2014թ. դեկտեմբերի սկզբին միջնորդ Ալեն Բաբայանին է տվել 3000 ԱՄՆ դոլար կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրեսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:





























