Բաքվում շուկաներին հոտած միս մատակարարող ցանց է գործում: Minval.az-ի փոխանցմամբ՝ երբ հայտնի էր դարձել, որ Ջալիլաբադում մեկ օրում 50 գլուխ ձի է անհետացել, 5 օր հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Բաքվում 700 կգ ձիու միս է առգրավվել: Ընդ որում, միսը օգտագործման համար պիտանի չի եղել:

Պարբերականի հետաքննության արդյունքում պարզվել է, որ «Ազատ սպառողների միության» նախագահ Էյուբ Հուսեյնովը տեղյակ է եղել այդ մասին: Նրա խոսքով՝ իրենք 15 տարի փորձում են բացահայտել ցանցը, սակայն դեռ հաջողության չեն հասել առաջին հերթին պետական մարմինների պատճառով:

Սակայն ադրբեջանցի սպառողների շահերի պաշտպանը անսպասելի  հայտարարություն է արել՝ Ադրբեջանում ձիու եւ ավանակի մսի վաճառքի մեջ մեղադրելով հայերին: Հուսեյնովի խոսքով՝  խորհրդային տարիներին որոշում էր կայացվել, որ ձիու եւ ավանակի միսը պիտանի են ուտելու համար, եւ այդ որոշումը մինչեւ հիմա չի չեղարկվել: «Ես վստահ եմ, որ այդ ժամանակ նման որոշում է կայացվել հենց հայերի շնորհիվ»,- ասել է նա: