«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով այսօր` ապրիլի 14-ին, նշանակված դատական նիստը հետաձգվեց:
Այսօրվա նիստին փաստաբան Երեմ Սարգսյանը ճանաչվեց` որպես տուժողի իրավահաջորդի` «Երրորդմասցի Լյովիկի» կնոջ` Աննա Հարությունյանի ներկայացուցիչ:
«Հարգելի դատարան, խնդրում եմ ինձ 20 օր ժամանակ տրամադրել` գործի նյութերին ծանոթանալու համար»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակեց մայիսի 3-ին:
Ըստ մեղադրական եզրակացության` Վահան Հակոբյանը («Գաստիկ»), Սարգիս Հախանումյանն («Տլե») ու Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել եւ պահել զենք:
2015թ. մարտի 4-ին ժամը 13:50-ի սահմաններում Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը («Ծգլ») նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգերից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատավարությունը սկսվել է 2016թ. մարտի 30-ից:
Հիշեցնենք, որ 2015թ. մարտի 4-ին, ժամը 13։59-ին ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց հնչել են կրակոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել էին 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ, ճանապարհին նրանք մահացել էին։ Կրակոցների հետեւանքով մահացած երեք անձանցից մեկը Լեւոն Ղազարյանն էր, որը հայտնի է «Երրորդմասցի Լյովիկ» անունով, մյուսը 35-ամյա Դրաստամատ Թադեւոսյանն է, որը հայտնի է «Դերո» անունով, երրորդը՝ Մեսրոպ Նազարյանցը։





























