Ադրբեջանի նախահարձակումը պետք չէ դիտել որպես Արցախը գրավելու լայնածավալ ռազմական գործողություն: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:
«Նույնիսկ Մարտակերտում կանգնած զինվորն է հասկանում, որ այդպես Արցախը չեն գրավում: Հակառակորդը նպատակ ունի մեզ հոգեպես հյուծել ընդամենը»,-ասել է նա:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ հայկական կողմը պետք է առաջ գնա եւ գրավի ապրիլին կորցրած դիրքերն ու Շահումյանը, իսկ մեր բանակը մարտունակ է, ունի բավարար քանակություն եւ սպառազինություն հակառակորդին ծնկի բերելու, սակայն համապատասխան հրաման չի արձակվում:
«Մեր դեմ կանգնած է մի հակառակորդ, որը ունի լավ մասնագետներ եւ սպառազինություն, բայց չունի լավ բանակ: Մենք պետք է առաջ շարժվենք, հակառակորդն՝ ասում է ռադներդ քաշեք էս տարածքից, պիտի ընդունե՞նք, իհարկե ոչ: Պահը եկել է չենթարկվելու պարտվողական հրամաններին, բանակը պետք է լինի թելադրողը՝ ոչ մի թիզ հող հակառակորդին, ոչ մի օտար ուժի ներկայություն՝ Արցախում»,-նշել է Սեֆիլյանը՝ հավելելով, որ սպառազինության տեսակետից հավասարակշռությունը մի փոքր խախտվում է անօդաչու թռչող սարքերի պատճառով:
Ըստ Սեֆիլյանի Ալիեւի լկտիության պատճառն այն է, որ վայելում է աշխարհաքաղաքական հովանավորների հովանավորությունը, եւ քաջ գիտակցում է, որ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը, լայնածավալ պատերազմի հրաման չի տա:
«Այդ լկտիության պատճառն այն է, որ նրանք շատ լավ գիտեն, որ այսօր ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը՝ Սերժ Սարգսյանն, ամեն ինչ անելու է, որպեսզի լայնածավալ պատերազմ չլինի, Ադրբեջանն էլ դա օգտագործում է»,-ասել է ազատամարտիկը:
Սեֆիլյանի կարծիքով՝ իրադրության միակ լուծումը ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն ունենալն է, որի դեպքում հայոց բանակը, նախահարձակ լինելով, հաղթանակելու է: Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը շարունակելու է խախտել 1994թ.ին ձեռք բերված հրադադարի պայմանագիրը՝ հոգեպես հյուծելով մեր բնակչությանը, բանակը, եւ տնտեսությունը:





























