Գյումրիում անցած տարվա ապրիլին սպանված մայր եւ դստեր՝ Քնար եւ Ալվարդ Շահումյանների սպանությունից մեկ տարի է անցել, սակայն հանցագործությունը դեռեւս բացահայտված չէ:

«Այս գործով նախաքննությունը շարունակվում է, հանցագործությունը դեռեւս չի բացահայտվել, քրեական գործով որեւէ կասկածյալ կամ մեղադրյալ չկա»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Նշենք, որ մոր եւ դստեր սպանության գործով երկու տասնյակից ավելի մարդ է հարցաքննվել, այդ թվում նրանք, ում Շահումյանները պարտքով կամ տոկոսով գումար են տվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի բնակարաններից մեկում 2015թ. ապրիլի 18-ին հայտնաբերել են մոր ու աղջկա մարմինները՝ դանակահարված վիճակում: Թաղամասում տարածված տեղեկությունների համաձայն` տունը տակն ու վրա արված է եղել, ենթադրվում է, որ ավազակային հարձակում է եղել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 175-րդ եւ 104-րդ հոդվածների հատկանիշներով: