Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2014թ-ի մայիսին ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի գործով փորձաքննություններ են անցկացվել Հանրապետության բոկլոր փորձագիտական կենտրոններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով ծննդկանի հարազատների բողոքին, թե բժշկական սխալ է եղել:
«Մենք վերաքննիչ բողոք ենք ներկայացրել դատարանի որոշման դեմ, որով պահանջվում է վերաբացել գործը: Համաձայն լինել- չլինելու խնդիր չկա, պարզապես մենք փորձաքննություններ են նշանակել Հայաստանի բոլոր փորձագիտական կենտրոններում եւ եկել եզրակացության, որը գործը պետք է կարճել»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:
Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը դիմել էր դատարան՝ բողոքարկելով կնոջ մահվան առթիվ հարուցված գործը անհիմն կարճելու որոշումը: Դատարանը բավարարել էր բողոքը:
Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանի ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որին էլ հարազատները մեղադրում են կատարված ողբերգության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով:
1,5 տարի գործը քննելուց հետո որոշում էր կայացվել կարճել այն:





























