Թուրքիայի վճռաբեկ գործերով 10-րդ դատարանը Թուրքիայի համար չտեսնված արագ կերպով որոշում է կայացրել չեղյալ համարել Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցից բռնագրաված հողակտորի վերադարձը։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, 2014-ի հունվարի 22-ին Ստամբուլի  հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի հաշվեկշռի վրա պաշտոնապես գրանցվել է հիվանդանոցի դիմաց գտնվող 42 հազար 259 քմ տարածքը, որը 1974-ին բռնագրավվել էր պետության կողմից։ Սակայն Զեյթինբուռնուի քաղաքապետարանը, որի տարածքում գտնվում է հողակտորը, բողոքարկել էր որոշումը վարչական դատարանում եւ բացասական պատասխան ստացել։ Այնուհետ Զեյթինբուռնուի քաղաքապետարանը բողոքարկում է վարչական դատարանի որոշումը վճռաբեկ 10-րդ դատարանում։ իսկ վճռաբեկ 10-րդ դատարանը Թուրքիայի համար չտեսնված արագ կերպով չեղյալ է համարում վարչական դատարանի որոշումը եւ վճռում հայկական հողակտորը թողնել Զեյթինբուռնուի քաղաքապետարանի հաշվեկշռին։

Այս որոշումից հետո Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի համանախագահ Հերման Բալյանը հայտնել է, թե վճռաբեկի որոշումը չեղյալ հայտարարելու համար արդեն դիմել են Բարձրագույն դատարան։